Հոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ 19-ամյա հովիվ Մալխազ Կոբաուրին, ով մեղադրվում է Վրաստանում ամերիկացի Սմիթ ընտանիքի սպանության մեջ, առողջ է: Այդ մասին լրագրողներին հայտնել է մեղադրյալի փաստաբան Ալեքսանդր Կոբաիձեն:

Համապատասխան փորձաքննությունը նշանակվել էր դատախազության խնդրանքով:

«Հոգեբույժների կոլեգիան գնահատեց, թե որքանով է Կոբաուրին հավասարակշռված եւ գործունակ մարդ, ունի արդյոք մտավոր խնդիրներ եւ սրանով հետազոտությունը ավարտվեց: Այսօր Կոբաուրին կփոխանցվի թիվ 8 (Գլդանսկի բանտ) հաստատությանը: Փորձագետների հետ բանավոր շփման հիման վրա, ըստ էության, հնարավոր է ասել, որ մեր պաշտպանյալը, պարոն Կոբաուրին առողջ է », - լրագրողներին ասել է Կոբաիձեն:

Դատախազության տվյալներով, հուլիսի 4-ի առավոտյան Կոբաուրին Խադա կիրճում հանդիպել էր Սմիթ ընտանիքի հետ, որը խնդրել էր նրանց ցույց տալ ջրվեժի ճանապարհը: Ճանապարհին Ռայան Սմիթը վիճել էր  հովիվի հետ, ով նեղացել էր նրանից եւ որսորդական հրացանի երկու կրակոցով սպանել նրան: Դրանից հետո հովիվը որոշել էր սպանել 4-ամյա երեխային եւ Ռայանի կնոջը՝ Լորային: Լորան սկսել էր վազել, ընկել էր բարձրությունից եւ մահացել: Այդ ժամանակ մեղադրյալը սպանել էր երեխային: