Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մի մեթոդ, որի միջոցով չոր երկար մակարոնի ձողը կարելի է կոտրել երկու հավասար մասի: Որպես կանոն, այն բաժանվում է երեք կամ ավելի մասերի, եւ 2005-ին ֆիզիկոսները բացատրել էին, ինչու է դա տեղի ունենում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Phys.org-ի մամուլի հաղորդագրությանը:

Առաջին անգամ 20-րդ դարի կեսերին սպագետտի հանելուկին ուշադրություն է դարձրել ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը՝ փորձելով պարզել, թե ինչպես կարելի է անել, որ մակարոնը կոտրելու ժամանակ երկու հավասար մասերի բաժանվի:

Ավելի ուշ ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սպագետին եւ այլ մնացած բարակ ձողերը մեջտեղից են կոտրվում, միեւնույն ժամանակ առաջանում է դեֆորմացման ալիք, որը այլ հատվածում խախտում է ձողի ամբողջականությունը: Սակայն անհասկանալի էր, թե ինչ պետք է անել, որ մակարոնները հավասար մասերի բաժանվեն:

Նոր գիտական աշխատանքի համաձայն, դա տեղի կունենա միայն ձողի հատուկ դեֆորմացման ժամանակ: Գիտնականները ստեղծել են մեքենա, որը տարբեր հաստության սպագետտին փաթաթում եւ հավասար մասերի է բաժանում: