Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը: Երկրի նախագահ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանը հրապարակվել է պաշտոնական պարբերական Resmi Gazete-ում:

Փաստաթղթի համաձայն՝ ծխախոտային արտադրանքի մաքսատուրքը բարձրացել է 60 տոկոսով, ալկոհոլի՝ 140 տոկոսով, ավտոմեքենաների՝ 120 տոկոսով: Բարձրացել են եւս մի քանի խմբերի ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ բրինձի, մրգերի եւ կոսմետիկ արտադրանքի:

Թուրքական լիրան վերջին շրջանում դոլարի եւ եվրոյի նկատմամբ պատմական նվազագույնի է հասել: Տարեսկզբից այն արժեզրկվել է ավելի քան 40 տոկոսով: Ճգնաժամը սրվել էր երկուշաբթի, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի ներմուծման մաքսատուրքի կրկնակի բարձրացմանը՝ համապատասխանաբար մինչեւ 20 եւ 50 տոկոսով:

Երկուշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ պահուստների հաշվին տեղական բանկերին կտրամադրի ամբողջ իրացվելիք գումարը: Արդյունքում դադարել էր դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի անկումը:

Դրանից բացի, 2 երկրների հարաբերությունները լարվել են ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով, ում Թուրքիայի իշխանությունները կալանավորել են 2016 թվականից: Օգոստոսի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ՆԳ նախարարներ Ամդուլահմիտ Գյուլի եւ Սուլեյման Սոյլուի դեմ՝ նրանց մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»:

Նախօրեին Թուրքիան բոյկոտել էր ամերիկյան էլեկտրոնային ապրանքները: Երկրի իշխանությունները խոստացել էին հրաժավել ամերիկյան շինանյութից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի դեմ հիմա «տնտեսական հարձակում է կատարվում»: