Բաքվում 58-ամյա Ալեքսեյ Կլինչեւը հարկադրված է չորրորդ հարկում գտնվող իր բնակարան հասնել հրդեհային սանդուղքով։

minval.az–ը հայտնում է, որ շենքի ներսում միջհարկային աստիճանավանդակները ավերվել են Sabah Residence շինարարական ընկերության կողմից։ Բնակարանները բնակիչները հանձնել են ընկերությանը՝ համաձայնելով նրա պայմաններին, իսկ Կլինչեւը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը։ Շաբաթ օրը տան բոլոր սանդուղքները քանդել են, իսկ Ալեքսեյը քանի որ ապրում է 4-րդ հարկում, նրան մնում է տուն հասնել եւ «արտաքին աշխարհ» դուրս գալ շենքի արտաքին հատվածում գտնվող ժանգոտ մետաղական սանդուղքով, որն ամեն պահի կարող է փլուզվել։ Ավելի շուտ, հրդեհային սանդուղքը կտանեն շինարարները, որ ստիպեն Կլինչեւին համաձայնել իրենց պայմաններին։

Կլինչեւի վեճը Sabah Residence–ի հետ մեկ տարի է ձգվում։ Կլինչեւը մտադիր է այլ երկիր մեկնել, այդ պատճառով փողի կարիք ունի եւ համաձայն է վաճառել բնակարանը, սակայն կողմերը չեն համաձայնում գնի հարցում։