Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դեմ չէ, որ ընտրախախտումների պատժաչափերը խստացվեն,  որոշ դրույթների դեպքում էլ վարչական պատասխանատվությունից անցում կատարվի քրեական պատասխանատվության տիրույթ։ 

Նշենք, որ այսօր վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Քրեական եւ Վարչական իրավախախատումների մասին  օրենսգրքերում փոփոխություն կատարելու աշխատանքները սկսել են։ Նախատեսվում է խստացնել ընտրախախտումների պատժաչափերը, խախտումների  դեպքում էլ վարչական պատասխանատվությունը փոխել քրեականի, օրինակ ընտրական փուլում բարեգործությամբ զբաղվելը։

«Մենք ասել ենք, որ «Ծառուկյան» դաշինքը Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ առաջարկել է Քրեական օրենսգրքում խստացնել ընտրակեղծարարության  քրեական պատասխանատվությունը։ Ընտրական օրենսգիրքը, կարծում եմ, հիմնավոր կարգավորում է ընտրական փուլում «բարեգործություն» եզրույթը, բայց եթե մեր գործընկերները գտնում են, որ այդ դրույթը վարչական իրավախախտումից քրեական դաշտ տեղափոխվելու անհրաժեշտություն կա, ես չեմ կարծում, որ դա կարող է լինել խնդիր։ Որեւէ խնդիր չենք տեսնում այն տեղափոխել քրեական պատասխանատվության դաշտ»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։