Հայաստանում նպաստ պետք է ստանա իրական նպաստառուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Ես ուզում եմ, որ մենք լինենք համախոհներ առ այն, որ մեր երկրում նպաստ պետք է ստանա իրական նպաստառուն։ Նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, որն իրապես ունի պետության աջակցության կարիքը»,– նշել է նա։

Նախարարի խոսքով՝ երբ ինքը նշել է, թե 12-15 տոկոս նպաստառուների թվի մեջ կան ոչ հասցեական նպաստառուներ, «սա ամենեւին չի նշանակում օրենքի խախտում, այլ նշանակում է, որ այս քաղաքացիները նպաստները ստանում են օրենքով սահմանված կարգով՝ ապահովելով այն տեղեկատվությունը, որն իրենցից պահանջվում է»։

«Երբ մենք ստանում ենք վարկային պատմության կամ ավանդի մասին տեղեկատվություն, պատկերացրեք, որ այդ տեղեկանքից մենք իմանում ենք, որ այդ քաղաքացին ունի, ասենք թե, 16 միլիոն դրամ գումար, եւ նա ամեն ամիս վճարում է որոշակի գումար` օրինակ հարյուր հազար դրամ, եւ ստանում է 18 հազար դրամ սոցիալական նպաստ: Ի՞նչ եք կարծում՝ պետության համար հարց չպետք է առաջանա՝ ինչպես է այդ հարյուր հազար դրամը վճարում քաղաքացին»,- նկատել է նա՝ հավելելով, որ սրանք պետք է դառնան ուսումնասիրության առարկա:

Միեւնույն ժամանակ Թանդիլյանի խոսքով, հաճախ են իրենց դիմում տարբեր գործատուներ եւ հայտնում, որ իրենց աշխատակիցները չեն ուզում գրանցվել, չեն ուզում դառնալ հարկատու, որ պետությունից ստանան նպաստ:

«Միգուցե մենք հեղափոխություն անենք նաեւ մեր մտածողության մեջ եւ համարենք, որ եթե մենք աշխատում ենք, ուրեմն պետք է լինենք գրանցված աշխատողներ, վճարենք հարկեր, եւ այդ հարկերից մեկ այլ քաղաքացի, ով կարիք ունի պետության աջակցության, նպաստ ստանա: Երբ ես խոսում եմ տոկոսների մասին, երբ ասում ենք, որ 15 տոկոս հասցեական չէ, դա կազմում է մոտավորապես 8 միլիարդ դրամ, եւ դա մեր բյուջեի ընդամենը երկու տոկոսն է, բայց նպաստի բյուջեի քսան տոկոսն է, ինչը նշանակում է, որ հարկատուների վճարած գումարները չեն ծախսվում հասցեական, ինչը որ ինձ համար անթույլատրելի է: Ես համարում եմ, որ չկա այդպիսի լումա, որ պետք է վճարի հարկատուն, եւ կարելի է թույլ տալ, որ այն վատնվի, սա վատնում է»,-ասել է նա:

Մանե Թանդիլյանը, պատասխանելով նպաստների համակարգում բարեփոխումների մասին հարցադրումներին, նշեց, որ նպաստների օրենքը, համակարգը այս պահին մեծ հաշվով չի ծառայում իր նպատակին. «Այստեղ պետք է լինեն քաղաքացիներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում եւ ունեն պետության աջակցության կարիքը, բայց պետությունն այս նպաստների եւ այլ ծառայությունների միջոցով պետք է կարողանան ոտքի կանգնեցնել այս քաղաքացիներին, ովքեր պետք է վերադառնան բնականոն կյանք, գտնեն աշխատանք, դառնան հարկատու եւ իրենց լուման ներդնեն այն համակարգի մեջ, որը պետք է ոտքի կանգնեցնի այլ քաղաքացի։ Այստեղ կան տարբեր գործակիցներով հաշվարկվող նպաստներ, որոնք, ըստ էության, այնքան են բարդացրել համակարգը, որ շատ հաճախ քաղաքացիներն անգամ չգիտեն էլ, որ իրենց հասանելիք նպաստների հնարավորություն ունեն, կամ հակառակը, ովքեր ունեն ծանոթներ, կարողանում են տեղեկանքներ հայթայթել, դառնալ նպաստառուներ: Սա անթույլատրելի է, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»։

Նախարարը հավաստիացրել է, որ մտադիր են ռեֆորմներ իրականացնել, որ նպաստներից օգտվեն իրական նպաստառուները, ապա հավելել է, որ չի կարող լինել այնպիսի լուծում, որի արդյունքում իրական շահառուն զրկվի նպաստից, միայն այն պատճառով, որ կառավարությունն իմացել է՝ ունեն վարկ կամ ավանդ: