Սիրիայից փախստական Շուշի Բակարյանն ինքնաթիռների համար սարք է ստեղծել, որն աշխատում է վերականգնվող էներգիայի միջոցով:

«Ventus» կոչվող սարքը, որը նախատեսված է փոքր ինքնաթիռների համար, քամու ուժի միջոցով հնարավորություն է տալիս օդանավի ներսում լիցքավորել բջջային հեռախոսներ, պլանշետներ, GPS սարքեր եւ նավիգացիոն այլ միջոցներ, ինչպես նաեւ 3-5 աստիճանով սառեցնել օդը, հաղորդում է «Horizon Weekly» պարբերականը: 

Շուշին ծնվել և մեծացել է Հալեպում, որտեղից ստիպված հեռացել է՝ 2016 թվականին հիմնական բնակության հնարավորություն ստանալով Կանադայում: Այստեղ նա ընդունվել է Կոնկորդիայի համալսարանի տիեզերական ճարտարագիտության բաժին, որտեղ սկսել է ուսումնասիրել ավիացիոն, վերականգնվող էներգիայի և էներգետիկ շարժիչային համակարգերը:

Շուշին այժմ 21 տարեկան է: Այս տարեսկզբից նա աշխատում է «Stratos Aviation» կոչվող ասոցացիայում՝ որպես ադմինիստրատոր: Այս տարի նա հիմնադրել է «Stratos Aerospace Lab» լաբորատորիան, որի նպատակն է խթանել ավիացիայի եւ ավիացիոն տեխնիկայի զարգացումը ուսանողների, ճարտարագետների, ձեռնարկատերերի համար: