Առողջապահության նախարարությունում այսօր արտակարգ իրավիճակ էր: Մի քաղաքացի զանգահարել է «911» ծառայություն եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել նախարարության շենքը: Փրկարարներն արագորեն տարհանել են աշխատակիցներին:

Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Նշենք, որ կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված է առողջապահության նախարարությունը, այլ գերատեսչություններ եւս կան: Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ահազանգի հեղինակն առողջական խնդիրներ ունեցող քաղաքացի է, որն իր արարքը պատճառաբանել է դեղերի ձեռքբերման դժվարությամբ: Նախարարությունը հնարավորության սահմաններում քաղաքացուն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: 

ԱԳՆ խոսնակն էլ երեկ հայտնել էր, որ ճշտում են այս լուրը: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովը Մոսկվայում է: Դատարանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նրան, քննչական մարմինն էլ համաձայնություն է տվել Հայաստանից նրա հեռանալուն՝ պայմանով, որ առաջին իսկ պահանջի դեպքում Խաչատուրովը կներկայանա քննչական մարմիններին:

«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը որոշումն անօրինական է համարում եւ պատրաստվում է բողոքարկել այն: Ասում է՝ դատարանում քննիչը որեւէ հիմք չի ներկայացրել, որ կալանքի տակ մնալն անհրաժեշտ է եւ հիմնավորված է գործի նյութերով: Փաստաբանի համար անհասկանալի է նաեւ այն, որ այս ընթացքում քննչական գործողություններ, առերեսումներ չեն եղել: Նշենք, որ «Դոն Պիպոյին» երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինին զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել:

Ոստիկանությունում նույնասեռականների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Իրավապահները քաղաքացիներից ահազանգ են ստացել, որ Երեւանի «Կոմայգում» զինված հարձակվել են իրենց վրա: Զանգահարողները նաեւ ասել են, որ նույնասեռական են: Կասկածյալին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ուր նաեւ տուժածներն են գնացել:

Կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ է սկսվել: Ոստիկանության տեղեկացմամբ՝ կանացի զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար: Իրարանցման ընթացքում, սակայն, երկու ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել: Միջադեպի գործով ձերբակալված կա:

Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետեւանքով ավելի քան 630 մարդ անօթեւան է մնացել. կամրջին հարակից շենքերի բնակիչները ստիպված են եղել լքել տները: 311 ընտանիք տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: Իսկ ողբերգական պատահարի հետեւանքով զոհերի թիվը 39-ի հասել: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ողբերգության կապակցությամբ իտալական այս քաղաքում երկօրյա սուգ է հայտարարվել:

Վերին Լարսում մեքենաների կուտակումների հետ կապված խնդիրը դեռ չի լուծվում: Անցակետի ռուսական կողմում թեեւ կուտակումները պակասել են, Ռուսաստանից Վրաստան մեկնողների համար այն անցանելի է, սակայն խնդիր կա վրացական կողմում: Տրանսպորտի փոխնախարարի տեղեկացմանբ՝ Վրաստանի անցակետում մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել: Որպեսզի դրանք ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս Վրաստան մտնել: Պաշտոնյայի տեղեկություններով՝ կուտակումներ կան նաեւ Թբիլիսիի կայանատեղիում:

Օգոստոսի 15-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 546, ռուբլունը՝ 7 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 614 դրամ:

Օգոստոսի 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն: