«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընկերությունում եւ փաստաթղթեր առգրավել:

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ խուզարկությանը մասնակցել են ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: Մամուլի ծառայությունում ընդգծեցին, որ ընկերությունն ամեն տարի 3 մլրդ 300 մլն դրամի չափով հարկեր է վճարում:

Այստեղ հիշեցրեցին, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ, իսկ խուզարկությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:

Մամուլի ծառայությունից շեշտեցին, որ ընկերությունը միշտ աշխատել է բաց եւ թափանցիկ, ինչպես նաեւ համագործակցել է հարկային մարմինների եւ ՊԵԿ-ի հետ:

Նշենք, որ ՊԵԿ-ից մեկնաբանություն ստանալ դեռեւս չի հաջողվում. լրատվական ծառայությունում չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Առգրավվել են փաստաթղթեր, ստուգվել են աշխատակցիների անձնական իրերը: Հաղորդվել էր 9.7 մլն դրամի չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոանոց դուստր ընկերությունն է:

2008 թվականի փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նպատակների մեջ է մտնում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանի հետ սահմանակից երկրների հետ համագործակցության զարգացումը, հանրապետության ներքին եւ միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների հաղորդակցության զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը 572 մլն դոլար է: