Անկախ ԱՄՆ նախագահ Թրամփի և Թուրքիայի միջև սակագնային կռվի արդյունքներից՝ Վաշինգթոնում հաստատ կսկսվի ազդեցության տարածման լավ ֆինանսավորված օպերացիա: Այս մասին ասվում է Roll Call-ի  կոնգրեսական թղթակից Ստեֆանի Ակինի հոդվածում:

Նշվում է, որ Թուրքիան տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում Վաշինգթոնում գործող լոբբիստական խմբերի վրա՝ Թուրքիայի շահերն առաջ տանելու համար, ինչպես նաև ճոխ նվերներ է մատուցում ամերիկյան գիտական կենտրոններին, որոնք Արտաքին գործակալների հաշվառման ակտով պարտավորված չեն հաշվետու լինել: Թուրքիան նաև դրամական նվիրատվություններ է փոխանցում քաղաքական թեկնածուների հաշվին, օրինակ՝ ԱՄՆ-ի թուրքական կոալիցիայի և այլ քաղաքական կոմիտեների միջոցով:

Թուրքիայի լոբբինգը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ԱՄՆ-ում էթիկայի հանձնաժողովների ուշադրության կենտրոնում:

Ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինն անցյալ տարի խնդիրներ է ունեցել, քանի որ չէր հայտնել Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ Թուրքիայի կառավարությունից ավելի քան 500.000 դոլար ստանալու մասին: Դրանից առաջ նախկին պալատական խոսնակ Դենիս Հաստերթը մեղադրվել է Կոնգրեսում աշխատելուց հետո Թուրքիայի հանրապետության օգտին լոբբինգ անելու համար ամսական 35.000 դոլար ստանալու մեջ:

Սա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Հաստերթը արգելափակեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Թուրքիայի կառավարությունը, բնականաբար, դեմ էր նման փաստաթղթի ընդունմանը: Հաստերթը նաև $1.7 մլն էր վճարել իրեն սեռական բռնության մեջ մեղադրող մի մարդու, և այդ գումարը նա հավաքել էր մասամբ հենց լոբբինգի միջոցով: Մինչդեռ Հայոց ցեղասպանությունը շարունակում է Կոնգրեսում մնալ որպես խնդրահարույց հարց:

Ներկայում Թուրքիայի լոբբիստական ցանկում են մի շարք նախկին օրենսդիրներ և հզոր խորհրդատվական ընկերություններ:

Լուիզիանայի նահանգից հանրապետական կուսակցության թոշակառու ներկայացուցիչ Ջիմ Մաքերիի ընկերությունն, օրինակի, տարեկան $432,000 է ստանում ապագա օրենսդիրներին Թուրքիայի մասին կրթելու և թուրք-ամերիկյան բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններն ապահովելու համար: Իսկ Վաշինգտոնում Բրայան Բալլարդի լոբիստական ընկերությունը, որը համարվում է Թրամփի օրոք Վաշինգտոնում ամենահզորներ լոբբիստական խմբերից մեկը, ամսական $62.500 է վճարվում Թուրքիայի օգտին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար: