Twitter-ը հայտարարել է նախկինում արգելափակված օգտատերերի ստեղծած հաշիվներն արգելափակելու մասին: Դրանք կդադարեն գործել արդեն այս շաբաթ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով TechCrunch-ը:

Նման հաշիվների դեմ պայքարին կօգնեն տրոլինգի, կիբերբուլինգի եւ այլ ագրեսիվ գործողությունների նույնականացման տեխնոլոգիաները, որոնք մշակել է Smyte սթարթափը (Twitter-ն ընկերությունը գնել է այս տարվա հունիսին):

Ավելի վաղ արգելափակված հաշիվների օգտատերերի համար բավական դյուրին էր վերադառնալ Twitter. նրանք պարզապես նոր հաշիվներ էին ստեղծում՝ այլ էլեկտրոնային հասցե օգտագործելով:

The Washington Post-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Twitter-ը 70 մլն հաշիվ է արգելափակել, որոնք կասկածելի կամ կեղծ են համարվել: Twitter-ն օրական միջինը 1 մլն նման էջ է արգելափակում: