Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստիա Ֆրիլանդը եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են Օտտավայի եւ Էր Ռիյադի միջեւ ծագած դիվանագիտական կոնֆլիկտը: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է CTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղեկացված կանադական դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ նախարարների զրույցի արդյունքում կանադական կողմը «դեռ չի հասկացել», թե ինչ միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիան Կանադայի դեմ երկկողմ հարաբերությունների սառեցման կապակցությամբ: Հեռուստաալիքը հավելել է, որ մոտ ապագայում ԱԳՆ ղեկավարների միջեւ նոր հեռախոսազրույց չի նախատեսվում, սակայն Օտտավան «դռները բաց է պահում»:

Ընդ որում, հեռուստաալիքը նշում է, որ Սաուդյան Արաբիան դեռ չի հաստատել, որ զրույցը կայացել է: Բացի այդ, Ֆրիլանդն այս շաբաթ քննարկել էր ստեղծված իրավիճակը Գերմանիայից եւ Շվեդիայից իր գործընկերների հետ, «սակայն դեռ չի շփվել որեւէ մեկի հետ ԱՄՆ-ից եւ Միացյալ Թագավորությունից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Էր Ռիադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել, ինչպես նաեւ Օտտավայից հետ էր կանչել իր դեսպանին:

Թագավորությունը նաեւ հայտարարել էր, որ սառեցնում է կանադական կողմի հետ բոլոր նոր առեւտրային եւ ներդրումային գործարքները եւ դադարեցնում բոլոր բժշկական ծրագրերը: