Կառավարությունը պատրաստ է  ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ  գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16–ին, կառավարության նիստում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ փուլում են կազմակերպչական աշխատանքները

Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներով ապահովվում է գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումները: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ, վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով, դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»,– ասաց Մնացականյանը:

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական շտաբի հետ  ամեն շաբաթ անկացվում են հանդիպումներ.«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտաբի բոլոր անդամներին: Գագաթնաժողովի կազմակերպման առումով ունենալու ենք բարձր մակարդակ, բոլոր աշխատանքները, որոնք դրված են շտաբի առաջ, կատարվում են ամենաբարձր մակարդակում: Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հավաստիացրեց, որ իրավապահները պատրաստ են միջոցառման անցկացմանը:  «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց ոստիկանապետը, հավելելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից մանրամասներ չի հայտնի:

Վարչապետի հարցին՝ «Զվարթնոց» օդանավակայանը պատրաստ է նման ծանրաբեռնված աշխատանքին միջոցառման օրերին՝  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ ծանրաբեռնվածությունը պատշաճ ձևով կսպասարկի:  Նա նաեւ տեղեկացրեց, որ գագաթնաժողովի տարածքն ապահովված է  Wi-Fi ցանցով։