Հայաստանի Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աննախադեպ լավ ընտրություններ է խոստանում:
Լրագրողների հետ զրույցում Օսիպյանը վստահեցրեց, որ Ոստիկանությունը կշարունակի բոլոր ջանքերը՝ մաքսիմալ թափանցիկ ընտրություններ ապահովելու եւ կեղծիքները բացառելու համար: Նախընտրական կաշառքի հետ կապված՝ Օսիպյանը նշեց, որ «մենք չգիտենք, թե ով է բաժանում, բայց կիմանանք եւ կկանխենք»:

Վարչական ռեսուրսի օգտագործման եւ ոստիկանության մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ նա խոսել է այդ մասին Շիրակում: Նրա խոսքով՝ ոստիկանությունն իսկապես անմիջական ազդեցություն ունի արդյունքների վրա: Անմիջական ասելով՝ ենթադրվում է ոչ թե կեղծիքները, այլեւ սխալ ծառայությունը: «Ես հայտարարում եմ, որ այս ընտրություններում ոստիկանությունը, եւ դուք բոլորդ կհամոզվեք, կանի ամեն ինչ, որպեսզի ընտրությունները աննախադեպ լավը լինեն»,- խոստացավ Օսիպյանը:

Մեկնաբանելով օրինաչափ եզրակացությունն առ այն, որ, ստացվում է, Օսիպյանը նախկինում աչք էր փակում տեղի ունեցողի վրա, ոստիկանապետը հավաստիացրեց, որ հենց ինքը խախտումներ չի տեսել, եւ նախկինում խախտումների վերաբերյալ կարծիքը, նրա խոսքով, հիմնված է սոցիալական ցանցերի եւ լրատվամիջոցների տվյալների վրա: