«0038» հրամանը ոչ հրապարակված մասով, ոչ էլ չհրապարակված մասով չի վերաբերում զորքի կիրառմանը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին», - ասաց փաստաբանը:

Նա ներկայացրեց նաև Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթից մի հատված.

«Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասաց, որ մենք ունեինք մի փորձ, որը մեր սեփական փորձը չէր, մեր թշնամու փորձն էր: Ո՞րն է դա: Ադրբեջանում 90-ականներին կար մի ապստամբ զինվորական` Սուրաթ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ զինված ուժերում և, օգտվելով դրանից, միացավ այնտեղի ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղվեց դեպի Բաքու: Քոչարյանը դատարանում ասաց` «մենք տեսել ենք, թե ինչպես է եղել»: Արդյունքում Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մի խռովարար զինվորականի գորոծողությունների պատճառով: Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք: Հիմա Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին», - ասաց Հայկ Ալումյանը: