Անահիտ Ֆարմանյանը չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից, նա  գտնվում է ամենամյա արձակուրդում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը՝ հավելելով, որ դրա մասին տեղեկացված է եղել վարույթն իրականացնող մարմինը։

Նա անհիմն համարեց վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկերի մասին խոսակցությունները. «Վարույթն իրականացնող մարմինը Անահիտ Ֆարմանյանի հետ կապի մեջ է եղել փաստաբանի միջոցով։ Անահիտ Ֆարմանյանը մինչեւ արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների եւ չի ունեցել որեւէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռեւս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ շեշտեց, որ հուլիսի 30-ին անձամբ իրեն է դիմել վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը՝ քննիչը, եւ հայտնել, որ հաջորդ օրը պլանավորվում է կատարել դատավարական գործողություն, չի հստակեցվել՝ ինչի մասին է խոսքը։

«Նշված ժամանակում ինչպես ես, այնպես էլ ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կապ հաստատել տիկին Ֆարմանյանի հետ, քանի որ նա այդ ժամանակահատվածում ուղեւորվելիս է եղել երկրից դուրս։ Օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ամսի 8-ին արդեն դատարանը որոշել է կալանավորել նրան»,– հայտնեց նա։

Փաստաբանը հայտարարեց, որ կբողոքարկեն կալանավորման որոշումը մինչեւ Ֆարմանյանի ՀՀ վերադառնալը. «Տիկին Ֆարմանյանի արձակուրդը վերջանում է օգոստոսի վերջին, ինչի մասին տեղյակ եմ պահել վարույթն իրականացնող մարմնին, նույնիսկ հայտնել եմ, որ ինքն ավելի վաղ է վերադառնալու արձակուրդից, սակայն շուտ ներկայանալու եւ դատավարական գործողություններին մասնակցելու պահանջ մեզ չի ներկայացվել»։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիների հետ համագործակցությունը Ֆարմանյանի մեղքով չէ, որ ձախողվել է. «Պաշտպանական կողմից վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցելու պատրաստակամությունը անտեսվել է, եւ զուտ ձեւական նկատառումներով փորձել են հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ տիկին Ֆարմանյանը թաքնվում է քննությունից, ինչն իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումն ու հայտարարել հետախուզում:

Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի պատճառը ազգանունն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։