Թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել են դեռ 2011 թվականին, երբ Թուրքիան հրաժարվեց ԱՄՆ իշխանությունների խնդրանքով ուղիղ հարվածներ հասցնել Սիրիային եւ զորքեր մտցնել այնտեղ: Այս մասին օգոստոսի 16-ին լրագորղների հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ընդ որում, փորձագետը պարզաբանեց, որ վատթարացել են ոչ այդքան հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ, որքան՝ երկու երկրների նախագահների Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ, քանի որ ԱՄՆ-ում թուրքական պետության ղեկավարը դադարել է ընկալվել որպես արեւմտամետ քաղաքական գործիչ եւ Վաշինգտոնին Էրդողանի հետագա պաշտոնավարումը ձեռնտու չէ:

«Դրա ապացույցը դարձավ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցախ ձախողված հեղաշրջումը, երբ արեւմտյան ուժերը փորձեցին տապալել Էրդողանի իշխանությունը, սակայն նրանց դա չհաջողվեց, եւ թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի սրվեցին»,- նշեց թուրքագետը:

Իսկ Էրդողանի վերջին հաղթանակն ընտրություններին, ըստ Խուդավերդյանի, ապացույց դարձավ առ այն, որ Թուրքիան ոչ միայն արեւմտամետ չի լինի, այլեւ կշարունակի դաշնակցային հարաբերություններ հաստատել Իրանի, Ռուսաստանի հետ եւ վերջին շրջանում նույնիսկ Չինաստանի հետ, որոնց ԱՄՆ-ն իր քաղաքական մրցակիցներն է համարում:

Թուրքագետը հավելեց, որ այս փուլում Էրդողանը Թուրքիայում  որոշակի համակարգ է ձեւավորում, որի նպատակն է վերացնել վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայում ձեւավորված արեւմտյան ազդեցությունը: «Այս ամենը չի կարող չանհանգստացնել ԱՄՆ իշխանություններին, որոնք տարբեր պատժամիջոցներով փորձում են ազդեցություն գործել Թուրքիայի վրա»,- ընդգծեց Խուդավերդյանը:

Իսկ հայկական կողմը, ըստ փորձագետի, պետք է զգոնություն, լիարժեք չեզոքություն պահպանի այս հարցում, որպեսզի չսրի Թուրքիայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունները (Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն): Բացի այդ, հայկական կողմը պետք է ձեռնպահ մնա հայտարարություններից, որոնք կարող են վրդովմունք առաջացնել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից: