Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պետք է ինքնաբացարկ հայտարարի:

Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ դատավոր Ազարյանը նիստի ժամանակ իրոք զգուշացրել է, որ աշխատել է երկրորդ նախագահի գրասենյակում: «Այն, որ նա աշխատել է Ռոբերտ Քոչարյանի ապարատում, ես ինքս չէի դիտարկի որպես նախապայման  սուբյեկտիվ դիրքորոշման համար: Սակայն համոզված եմ, որ Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտարարի, քանի որ մարտի 1-ի գործով իր կողմից ժամանակին 9 որոշում է կայացվել: Այսինքն, տասը տարի առաջ դատավորը որոշումներ է կայացրեց, որտեղ խաղաղ քաղաքացիներին որպես ամբոխ է գնահատել, մեղադրել է նրանց թալանի համար եւ այլն: Այսինքն, նա որոշակի նախապաշարմունքներ ունի, եւ ուստի պետք է ինքնաբացարկ հայտարարի կամ հայտներ նախկինում կայացրած որոշումների մասին, եւ այդ դեպքում դատախազները ինքնաբացարկ կպահանջեին»,- հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դատարանի նախագահն արձակուրդում էր, իսկ Ազարյանն իրականացնում էր նախագահի պարտականությունները եւ գործն իր վարույթի տակ էր առել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու դատախազները նախապես տեղեկացված չեն եղել Ազարյանի որոշումների մասին, պարզվել է, որ նրանք հույս ունեին, որ դատավորը պետք է «առաջնորդվի օրենքով» եւ ինքն ամեն ինչ հայտնի: «Կարծում եմ, որ դատավորը սուբյեկտիվ կարծիք ունի եւ ինքնաբացարկի էր ենթակա: Բացի այդ, գործը քննվել է անօրինական կազմով եւ որոշումը ենթակա է չեղարկման»,- ասաց Խաչատրյանը: Այդ պահին լրագրողների հետ բանավեճ սկսվեց, որի ընթացքում Խաչատրյանը ստիպված էր հիշեցնել զրպարտության համար պատասխանատվության մասին:

Շարունակելով դատարանի որոշման անօրինականության թեման՝ Խաչատրյանը հայտարարեց, որ դատարանն «անօրինական կազմով» էր եւ գերազանցել է իր լիազորությունները, այսինքն, պետք է սահմանափակվեր առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության քննությամբ: Ընթացքում հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը դեռ որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախկին նախագահի անձեռնմխելիության կապակցությամբ չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի ձերբակալման մասին: