ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողներին ասաց երկրորդ նախագահի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Չեմ կարող կանխատեսել՝ Վճռաբեկ դատարանի որոշումն ինչպիսին կլինի, բայց եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ապա մենք Եվրոպական դատարան կդիմենք», - ասաց փաստաբանը:

Փաստաբանը հայտնեց, որ անձեռնմխելիությունից բացի, իրենք  եւս 2 հիմքեր էին ներկայացրել  Վերաքննիչ դատարան 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար. «Մյուս երկու հիմքերը ոչ պակաս կարեւոր են եւ դրա համար մենք բողոք ենք ներկայացնելու ՀՀ Վճռաբեկ դատարան, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ այդ երկու հիմքերն էլ մեկնաբանվեն: Դրանցից մեկին ես չեմ կարող անդրադառնալ առանց նախաքննական գաղտնիքը շոշափելու, դրա համար չեմ անդրադառնա, իսկ մյուսը հետեւյալն է` հայտարարել, որ մարտի 1-ին նախագահի կողմից հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակաօրինական, հակասահմանադրական, ՀՔԾ-ն եւ առաջին ատյանի դատարանը իրավունք չունեին, քանի որ նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել  կամ այդպիսի գնահատական ստանալ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Սա նույնպես մեր բողոքի հիմքերից մեկն է, որը ոչ պակաս կարեւոր է»:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից  հրավիրված մամուլի ասուլիսը տապալվեց մի խումբ ցուցարարների կողմից: