ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում ազդեցություն ունենալ որեւէ մեկի վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ռոբերտ Քոչարյանը  օր ու գիշեր հսկվում է ԱԱԾ-ի կողմից տրամադրված թիկնապահների կողմից եւ չի կարող ազդեցություն գործել որեւէ մեկի վրա: Սովորական մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն ազդելու, քան Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Քոչարյանի՝ երկրից հեռանալու մասին խոսակցություններին՝ Ալումյանը հավաստիացրեց, որ երկրորդ նախագահը «գնալու մտադրություն չունի, չուներ եւ չի էլ ունեցել»:

«Նա Երեւանում է եւ տեղաշարժվելու դեպքում էլ  պետք է տեղյակ պահի նախաքննական մարմնին»,-եզրափակեց Ալումյանը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից  հրավիրված մամուլի ասուլիսը տապալվեց մի խումբ ցուցարարների կողմից: