Ֆրանսիայի Ազգային ոստիկանության գլխավոր տեսչության վերջին զեկույցը (IGPN) վկայում է այն դեպքերի թվի ավելացման մասին, երբ ֆրանսիացի ոստիկանները զենք են կիրառում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Parisien թերթը:

2017 թվականին ֆրանսիական ոստիկանության կողմից զենքի կիրառման շուրջ 400 դեպք է գրանցել, ինչը 54 տոկոսով ավել է, քան 2016 թվականին: Այս միտումը վերաբերում է նաեւ ժանդարմներին, սակայն՝ ավելի քիչ մակարդակով, նշում է պարբերականը:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հուլիսից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակահատվածում իրավապահ մարմինների միջամտությամբ մահացել է 14 մարդ:

Ոստիկանության աշխատակիցների կողմից զենքի կիրառմամբ մահվան պատճառ դարձած վերջին ռեզոնանսային դեպքը տեղի էր ունեցել երեքշաբթի գիշերը Փարիզում. 26-ամյա վարորդը հրաժարվել էր ենթարկվել ոստիկանությանը, ինչից հետո հետապնդում էր սկսվել: Հետապնդման ժամանակ ոստիկանը կրակ էր բացել, ստացված վնասվածքներից երիտասարդը մահացել էր: Ոստիկանը կալանավորվել էր: