Նիկոլ Փաշինյանը ինձնից լավ է տիրապետում ֆրանսերենին, քանի որ սովորել է այն համալսարանում: Այս մասին ֆրանսիական RFI ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հարցին՝ կունենա արդյոք առաջին տիկինն իր օրակարգը հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, Աննա Հակոբյանը նշեց, որ կցանկանար հանդիպում կազմակերպել առաջին տիկնանց հետ, որոնք կուղեկցեն պետությունների ղեկավարներին Հայաստան այցի ընթացքում. «Սակայն, որքանով ես տեղյակ եմ, այս պահի դրությամբ ոչ բոլոր տիկիններն են ժամանելու գագաթնաժողովին»:

Միեւնույն ժամանակ, Հակոբյանը դժվարացավ ասել, թե որ առաջին տիկինն է այսօր ամենից շատ ոգեշնչում իրեն: «Մինչեւ այս ես այդքան էլ չէի հետեւում առաջին տիկնանց գործունեությանը, ուստի չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին»,- նշեց նա:

Ի պատասխան հարցին՝ սովորում է նա արդյոք ֆրանսերեն գագաթնաժողովի նախաշեմին, Հակոբյանը պատասխանեց. «Ես տասը տարի դպրոցում ֆրանսերեն եմ սովորել, որն իմ առաջին օտար լեզուն էր, հետո անգլերենն էր: Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ես ֆրանսերեն հաճախ չեմ օգտագործել, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ հիշում եմ եւ արագ կվերականգնեմ»: