Նիկոլ Փաշինյանը 100 օրերի ընթացքում կարողացավ ոչնչացնել Հայաստանի հանրապետության պետական ամրությունը եւ ուժային բոլոր կենտրոնները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, մամուլի ասուլիսին ասաց գնդապետ, հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:

«Նա ոչնչացրեց եկեղեցին, երկրապահը եւ պետական կառույցները, Արցախի հանրապետության հեղինակությունը, ուժեղ անհատներին եւ կուսակցություններին, դրա հետ միասին Նիկոլ Փաշինյանը իր մի քանի օր առաջ արած հայտարարությամբ ազգը բաժանեց 2 մասի՝ հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Դա քաղաքական պսիխոպատիայի բարձրագույն արտահայտությունն էր, երբ քաղաքական գործիչը, կորցնելով իր հենարանները, արդյունք չտեսնելով իր գործունեության մեջ, ազգին տանում է այնպիսի հոգեվիճակի, երբ անհրաժեշտ է դրոշակակիր, անհրաժեշտ է պայքար»,- կարծիք հայտնեց ՀՀԿ-ականը:

Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ սխալ է հասարակությունը բաժանել հեղափոխականների եւ հակահեղափոխականների, դա մերժում է այլակարծությունը  հասարակությունում:

 Պատմաբանի խոսքով՝ ուժային կառույցների թուլացման վառ օրինակ է օգոստոսի 14-ի միջադեպը Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:

«Քաղաքացին մտել է ոստիկանություն, ծեծել է ոստիկանին եւ ընդամենը քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: