Աշխարհի շատ երկրներ են բախվում ԱՄՆ պատժամիջոցներին եւ դրանց պատասխանը պետք է համակարգված լինի, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար եւ նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը՝ ելույթով հանդես գալով ներդրողների համաժողովին, փոխանցում է Reuters–ը։

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան դուրս կգա ֆինանսական ճգնաժամից ավելի ուժեղ դարձած, քան նախկինում էր։ Նրա խոսքով՝ Թուրքիայի բանկերը «առողջ են ու ուժեղ» եւ ինֆլյացիայի դեմ պայքարը, կառուցվածքային բարեփոխումների անցկացումն ու կոշտ դրամավարկային քաղաքականությունը առաջնահերթություն են մնում։ Նա նաեւ բացառել է դրամական հոսքերի սահմանափակումները, հայտնում է AP–ն։

Միջազգային ներդրողները մտահոգված են Թուրքիայի պարտքերի բարձր մակարդակով եւ արժույթի տոկոսադրույքները բարձրացնելը ԿԲ–ին Էրդողանի արգելմամբ։

Ալբայրաքը հայտարարել է, որ Թուրքիան առանց տատանվելու աջակցություն կցուցաբերի  բանկային սեկտորին։