Նախկին դատավոր Պարգև Օհանյանը դիմել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ նախկին պաշտոնում վերականգնվելու համար: Այս մասին նախկին դատավորն այսօր՝ օգոստոսի 16-ին հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Բայց, կարծես, այս ձեռնարկը փոքր-ինչ անհեռանկար ընթացքի մեջ է, քանի որ այն վերահասցեագրվել է դատական դեպարտամենտ, պատճենն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Հնարավոր է՝ նոր ցուցակ պետք է կազմվի, տեսնենք, հնարավոր է՝ որոշ հիմքերով ոչ թե վերականգնվեմ, այլ վերանշանակվեմ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության 100 օրվա վերաբերյալ էլ նախկին դատավորն ասաց, որ ինքը լավատես է, պարզապես պետք է համբերել:

«Ունենք ամենակարևորը՝ ցանկություն։ Ես կարծում եմ՝ ամենակարևորը ցանկությունն է, ձգտումը, որը կա: Ինչ վերաբերում է արդյունքին. 100 օրում ի՞նչ պետք է ունենանք, եթե 10 տարի, գուցե 20 տարի մենք հետընթաց ենք ունեցել իրավական և այլ ոլորտներում: Ես լավատես եմ և կարծում եմ՝ դրա համար հիմքեր կան, պետք է ուղղակի համբերել, յուրաքանչյուրս էլ մեր չափով պետք է օգնենք կառավարությանը»,- նշեց նախկին դատավորը: