Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ 100 օրվա ընթացքում հաջողվել է բարձրացնել ոստիկանության վարկանիշը հանրության շրջանում։ Այս մասին ոստիկանապետն ասաց NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իր եռամսյա աշխատանքի արդյունքին։

«Դուք այդ կարծիքները կարող եք հարցնել մարդկանցից, ես չէ, որ պիտի ասեմ: Բայց եթե ուզում եք լսել իմ կարծիքը, այո՛, ինձ հաջողվել է բարձրացնել վարկանիշը»,- ասաց ՀՀ ոստիկանապետը։

Վալերի Օսիպյանը նշեց նաեւ, որ ձեռնամուխ է եղել ոստիկանության ծառայողների օպտիմալացման գործին:

Դիտարկմանը՝ համամի՞տ է ընդդիմախոսների այն գնահատականներին, որ համակարգն ուռճացված է եւ կրճատման կարիք կա, ոստիկանապետը պատասխանեց. «Մենք օպտիմալացման գործընթացը սկսել ենք, եւ տարեվերջին կտեսնեք արդյունքը։ Մենք ուսումնասիրում ենք նախորդ տարիների անձնակազմի թիվը եւ կատարված հանցագործությունների դիմանիկան. կրկնակի աճ է տեղի ունեցել, այնպես որ՝ ես համամիտ չեմ ուռճացված գնահատականի հետ: Բայց, ընդհանուր առմամբ, մենք հիմա ուսումնասիրում ենք այդ ամենը եւ ավելի ուշ կարող ենք խոսել դրա մասին»։