ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ  ԱԱԾ տնօրենին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:

Տնօրենը շնորհավորեց  վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթեց հաջող ծառայություն և վստահեցրեց, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:

Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավելի ամրապնդմանը:

ՌԴ կողմը ևս պատրաստակամություն հայտնեց նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ եղավ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: