Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի, այսպես ասեմ՝ Հայաստանի նոր իրավիճակին: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: «Դա ասվում է Ռուսաստանին: Այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ստրատեգիական գործընկերն է, եւ առանց այդ ստրատեգիական գործընկերության մեր պաշտպանության հարցը շատ մեծ վտանգի տակ է: Երեկվա երկաթուղու դեպքը, որը Ռուսաստանի երկաթուղուն կոնցեսիոն պայմանագրով է տրված կառավարման: Այն, ինչ կատարվում է, տրամաբանությունից դուրս է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Նախկին նախագահը տպավորություն է ստացել, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը. «Անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի: Այն գինը, որը նման սխալների համար սովորաբար տալիս են, շատ ծանր գին է, եւ շատ ավելի զգույշ է պետք այդ հարցերում լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն»:
Ռոբերտ Քոչարյանը, միաժամանակ, չի ցանկացել անդրադառնալ ակնարկներին, թե իր դեմ հարուցված քրեական գործում Ռուսաստանի շահագրգռվածություն ունի:
«Եկեք կոնկրետ իմ դեմ հարուցված գործը չկապենք Ռուսաստանի հետ: Ես չեմ ուզում սա անձնավորված լինի»,- նշել է նա: