Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու երկու պատճառ կա: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչո՞ւ եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն: Երկու հիմնական պատճառ. առաջինը՝ ընդհանրապես վտանգները, որ ես այսօր տեսնում եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Ուղղակի նայեք քարտեզի վրա, նայեք՝ ո՞ւր է Հայաստանը եւ ի՞նչ երկրներով ենք շրջապատված, եւ մեր հարաբերություններն այդ երկրների հետ: Եվ ի՞նչ է կատարվում ընդհանրապես»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը խոսել է ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, որոնք, նրա գնահատմամբ՝ այսօր ամենից ցածր մակարդակին են սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակից, Թուրքիայի կեցվածքից, ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումից:

«Եվ փորձեք այս ամբողջն իրար հետ կապել եւ տեսեք՝ այս վիճակում ի՞նչ ունենք Հայաստանում: Ունենք մի կառավարություն, որը, իմ կարծիքով, չի հասկանում այս ամենը, որը փորձ չունի, որը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որոնք բանակից շատ հեռու են եւ չեն հասկանում, որ այս վիճակում միայն հզոր բանակն է մեր պետականության իրական երաշխավորը: Եվ անում են քայլեր, որոնք փորձում են այն հավասարակշռությունը, որը Հայաստանը մեծ դժվարությամբ գտել է այս իրավիճակում, խարխլել»,- ասել է երկրորդ նախագահը:

Քոչարյանի պնդմամբ՝ նոր կառավարությունն ադեկվատ չի գնահատում այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս, իսկ դա բացատրում է փորձի պակասով. «Փորձ չունեն, չեմ մեղադրում: Ես իրենց չեմ մեղադրում: Որտեղի՞ց պետք է մարդ փորձ ունենա, եթե հասարակական ինչ-որ կազմակերպություններում, Սորոսի գրանտներով զբաղված են լրիվ ուրիշ գործերով: Իմ տպավորությունն է, որ այդ ֆինանսավորումն արդեն իսկ խոսում է դրա մասին: Միգուցե Ադրբեջանից է գալիս, միգուցե Թուրքիայից է գալիս, տարբեր հիմնադրամների միջոցով: Որովհետեւ նպատակաուղղված քայքայել, մեղադրել բանակը սահմանադրական կարգի տապալման մեջ՝ իմ ղեկավարությամբ, քաշքշել այն մարդկանց, ովքեր լուրջ ծառայություն ունեն հայրենիքի պաշտպանության գործում, սրանք ուղղակի անպատասխանատու քայլեր են: Կարող է՝ չեն հասկանում, ես դա հասկանում եմ, ես դրանով անցել եմ»:

Եզրափակելով՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք եւ խորությամբ իմացություն ունի այս ամեն ինչի մասին, եւ այս վտանգը, այս սպառնալիքն առաջին մղիչ ուժն են իմ՝ քաղաքականություն վերադարձի համար»: