Քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող մարդ լինել ընդհանրապես: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր կարողության մասին հրապարակումներին:

«Այդ մեղադրանքները, այդ ենթադրություններն այնքան էին անհեթեթ, որ 2-3 անգամ հերքելուց հետո ուղղակի սկսել եմ ուշադրություն չդարձնել, որովհետեւ տեսնում ես, որ անիմաստ է»,- հավելել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ այն ամենը, ինչ պաշտոնավարման տարիներին ստեղծվել կամ սեփականաշնորհվել է, կամ էլ դրսի ներդրողներ են ներգրավվել որեւէ նախագծում, այդ ամենն իր հետ են կապում: Սակայն, վստահեցնում է, այդ ամենում ինքը որեւէ մասնաբաժին չունի:

«Կապում են գիտե՞ք ինչի համար, կապողը չի պատկերացնում, որ կարող է, օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիպդենային կոմբինատը սեփականաշնորհվել եւ փայ չմտնել: Չունեմ եւ իշխանությունը լավ գիտի, որ չունեմ: Լավ գիտեն, որ չունեմ եւ երբեք չեմ ունեցել, չէի կարող ունենալ: Այսպես մտածում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում, որ դա հնարավոր է, որովհետեւ իրենք անպայման փայ կմտնեին»,- հայտարարել է նա:

Քոչարյանը նաեւ վստահեցրել է, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ ինքը Հայաստանում 7 բանկի սեփականատեր է. «Ծանոթ եմ այդ ցուցակին, գրված է, որ 7 բանկի տեր եմ Հայաստանում: Եթե 7-ը իմը լիներ, կմիացնեի՝ մեկ խոշոր բանկ կստեղծեի եւ գերիշխող դիրք կունենայի այդ ոլորտում: Կապ չունեմ, որեւէ այդ բանկերի հետ կապ չունեմ: Ես հիմա դիմում եմ Կենտրոանական բանկի նախագահին՝ հրապարակեք՝ ովքե՞ր են այդ բանկի տերերը, ես կապ ունե՞մ, թե՝ ոչ: Այդ ցուցակում գրված է՝ օդանավակայանի 50 տոկոսն իմն է... Կապ չունեմ բացարձակապես: Համոզել եմ Էռնեկյանին, որ վերցնի մեր օդանավակայանը, ի վերջո, խելքի բերի: Հիշո՞ւմ եք՝ ինչ վիճակ էր օդանավակայանում: Հիմա այն, ինչով ես հպարտ եմ, որ արվել է իմ ժամանակ, եւ այն, ինչ մեր երկրի դեմքն է փոխել, որովհետեւ 10 տարում երկիրը, իրոք, փոխվել է՝ տնտեսական առումով, հնարավորությունների առումով, մարդկանց գրպանը փող ընկավ՝ այդ տարիներին ընկավ, այդ ամենը շուռ են տալիս իմ դեմ, հասկանու՞մ եք: Հիմա այս իշխանությունը հնարավորություն ունի հատ-հատ ստուգել, բայց իրենք երբեք չեն ասելու, որ մենք գիտենք, որ Քոչարյանը Քաջարանում չկա, որովհետև ձեռք չի տալիս»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ իր մեղադրանքներից մեկն ապօրինի հարստացումը պետք է լիներ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ եթե նման բան լիներ, առաջինն այդ մասին կխոսեին: «Հիմա այդ հնարավորությունն իշխանությունն ունի: Իրենք, ես գիտեմ, նաեւ փորձում են դա ստուգել: Մեծ, խորը հիասթափություն են ապրում ամեն մի օբյեկտ ստուգելուց հետո: Ես կարծում եմ, որ դա առաջինը մեյդան կբերեին, քան՝ մարտի 1-ը», - հավելել է Ռոբերտ Քոչարյանը: