Իմ պաշտոնավարման տարիներին կոռուպցիոն բուրգեր չեն եղել: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե ե՛ւ իր նախագահության տարիներին, ե՛ւ նախորդ իշխանությունների ժամանակ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն էին շատ հաճախ ամենակոռումպացվածը, իսկ այժմյան նախարարներն ասում են, որ կոռուպցիայում չկան, նախկին նախագահը պատասխանել է.  «Ապրենք՝ կտեսնենք»:

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման տարիներին. Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ երբ բյուջեն 10 տարիների ընթացքում 8 անգամ է աճում, իսկ համախառն ներքին արդյունքը՝ 5 անգամ, այդ պարագայում չի կարող կոռուպցիայի մակարադակն ինչ-որ շեմից ավելի բարձր լինել:

«Թույլատրելի շեմ չկա կոռուպցիայի համար: Չկա երկիր, որտեղ այդ կոռուպցիան տեղի չունենա: Բայց տնտեսությունը չի զարգանում, եթե կոռուպցիան ոչ թե մարդկանցից ինչ-որ ներքին օղակներում ինչ-որ բան շորթել է, այլ եթե սա պիրամիդա է կառուցված, եւ ներքեւից մինչեւ վերեւ այդ կոռուպցիոն գործոնը սկսում է աշխատել: Միանշանակ, իմ պաշտոնավարման տարիներին, չեն եղել այդ կոռուպցիոն բուրգերը»,- հայտարարել է նախկին նախագահը:

Հարցին՝ նախարարը կաշառք չէ՞ր վերցնում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայկ Հարությունյանն 8 տարի եղել է ոստիկանապետ: Գնացեք նայեք՝ ոնց է ապրում»:

Լրագրողը հարցրել է նաեւ մաքսային ծառայության ղեկավար Արմեն Ավետիսյանի մասին, որի անունը կոռումպացված պաշտոնյաների շարքում առաջիններից էր նշվում: Նախկին նախագահն ասել է՝ խոսակցությունները մի բան են, իրական պատկերը՝ այլ. «Ի՜նչ հարստություն էր այն ժամանակ լեգենդավորված Արմեն Ավետիսյանի շուրջ: Գիտե՞ք, խոսակցությունները մեկ բան են, իրական պատկերը՝ լրիվ ուրիշ բան: Ես չեմ ասում, որ մարդիկ սուրբ էին, բայց խոսակցությունները եւ իրական պատկերը իրարից շատ-շատ հեռու են, շատ-շատ»: