Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» եւ այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

««Ալֆա-դելտան» Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանինն է, «Լեգիոնը» հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ եւ պատկանում է Ավանի թաղապետի մորաքրոջ որդուն: Առավել ճարպիկները, օգտվելով իշխանափոխության առիթից, փորձում են վերաձեւել այս դաշտը՝ նախկին իշխանությունների հետ կապվող ընկերություններից խլելով պատվերները: Ի դեպ, օրեր առաջ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին պատկանող «Գրիֆ եւ Միհր» պահնորդական ընկերությունների համասեփականատեր Էդիկ Սիմոնյանը կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է մասնակցել՝ Հայաստանի գործատուների միության խորհրդի անդամների հետ միասին»,– գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում