Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով, «Քաղաքացիական պայմանագիր»–ը՝ առանձին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԼՀԿ անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը։

Ըստ Ենգիբարյանի՝ ավագանու ընտրություններին առանձին մասնակցելը դեռ չի նշանակում, որ այդ ձեւաչափով են մասնակցելու նաեւ խորհրդարանական ընտրություններին։

««Ելք» դաշինքի խմբակցությունը գործում է Ազգային ժողովում, դաշինքը գործում է Երեւանի ավագանիում։ «Ելք» դաշինքը կա, գործում է դաշինքի հուշագիրը, մենք քաղաքական ընտանիք ենք, այս ընտրություններին կմասնակցենք առանձին՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելով»,– ասել է Վիկտոր Ենգիբարյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափին՝ նա ասել է. «Սա չի նշանակում, որ խորհրդարանական ընտրություններին էլ կմասնակցենք առանձին, նաեւ չի նշանակում, որ միասին կլինի դաշինքը։ Այսինքն՝ ձեւաչափը դեռ հայտնի չէ։ Դեռեւս որոշում կա միայն ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Այժմ նպատակահարմար է առանձին մասնակցել»։ 

Վիկտոր Ենգիբարյանն ասել է՝ դաշինքի անվանումը դեռ չեն որոշել։

 Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ առաջադրել է «Կարգին հաղորդում» մանրապատումներից հայտնի դերասան Հայկ Մարությանին։