Այսօր սպասվող հանրահավաքից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով դիմել է հանրությանը՝ կոչ անելով չտրվել սադրանքներին եւ ցուցաբերել զսպվածություն։ 

Վարչապետը իրազեկել է նաեւ, որ քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ կմեկնարկի 17։40–ին Արցախ–Էրեբունի փողոցների խաչմերուկից, որտեղից ապրիլի 22–ին Փաշինյանին առեւանգեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

«Սիրելի ժողովուրդ, ձեզ տեղեկացնեմ, որ քայլարշավը կսկսվի այսօր 17։30–40–ին, Արցախի պողոտայի եւ Էրեբունի փողոցի խաչմերուկից, դուք հիշում եք՝ դա այնտեղն է, որտեղ 2018թ. ապրիլի 22–ին ինձ առեւանգեցին Ազգային ավտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակցիները։ Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայությունը,  ոմանք  էլ կմասնակցեն քայլարշավին։ Սա կլինի ազգային համերաշխության դրսեւորում։ Այսօր բաժանարար գծեր չկան։ Ոստիկանությունը, ԱԱԾ–ն, հասարակությունը, բանակը, Զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են։ Սա իսկապես պետք է դառնա ազգային համերաշխության մի յուրօրինակ դրսեւորում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ զգուշացնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դրսեւորի զսպվածություն եւ չտրվի սադրանքներին։

«Ես ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել, որ այսօր ագրեսիվության որեւէ դրսեւորման ագրեսիվությամբ չպատասխանել։ Մենք արդեն փորձ ունենք այնպիսի հավաքների, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ։ Մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, ինչը յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ զսպվածություն։ Չեմ բացառում, որ կլինեն ուղարկված մարդիկ սադրանքեր կազմակերպելու համար, խնդրում եմ թե բանավոր, թե կեցվածքի ագրեսիվությանը որեւէ արգրեսիվությամբ չպատասխանել։ Իսկ եթե դա այնպիսի ագերսիվություն է, որին պետք է պատասխանեն իրավապահները, խնդրում ենք դիմել ոստիականւոթյուն։ Իրավապահներն այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,–տեղեկացրել է վարչապետը։