Ապօրինի զենք զինամթերք պահելու եւ յուրացումներ կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Նշենք, որ խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր ՀՔԾ-ն:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, եւ այս առնչությամբ հաջորդ շաբաթ փաստաբանները հադես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար: