ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  էներգետիկայի  նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության  հետ  կապերի   բաժնից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ  երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից աշխատանքները պատշաճ եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան  իրականացնելուն:

Իրանի  էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաեւ եւ Ծոցի երկրների միջեւ էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով:

Նախարար  Գրիգորյանը իր  հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության  ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաեւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

Երկուստեք կարեւորվել է փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը եւ նշվել, որ դրանք հնարավորություն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ  արդյունավետ լուծումներ: