Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր  Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության  հետ  կապերի   բաժնից հայտնում են, որ քննարկվել է էներգետիկայի եւ ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարարը  դեսպանին է  ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել «Hanergy» խոշորագույն ընկերության կողմից արեւային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին, ինչպես նաեւ «CITIC» չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի  կառուցման ծրագրին:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջեւ համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար: