Ռոբերտ Քոչարյանն իր  անվտանգությունն ու սեփականությունը պաշտպանելու համար վերադառնում է քաղաքականություն: NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին երեկ արված հայտարարությանը:

«Նա հստակ վերադառնում է քաղաքականություն, կան 5 տասնյակ պատգամավորներ, որոնք պատրաստ են նրա հետ աշխատել, մենք տեսնում ենք կուսակցություններ, որոնք արդեն հայտարարում են այդ մասին, մենք տեսնում ենք, որ նա լրատվամիջոցների է տիրապետում, որով նա պետք է իր քաղաքական արշավը կազմակերպի, այսինքն՝ նա հստակ վերադառնում է քաղաքականություն»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ հիմնական ուղերձները, որոնք ՀՀ եկրորդ նախագահը փորձեց տեղ հասցնել մի քանիսն էին. «Իմ ժամանակ ավելի լավ էր, քան այժմ, իր քաղաքականություն վերադառնալու պատմությունն էր եւ այն  մասին, որ ինքն արդար է, իրեն հանիրավի էին դատում: Ըստ էության դրանք էին հիմնական մեսիջները, որոնք նա փորձեց տեղ հասցնել»:

Քաղաքագետը, այնուամենայնիվ, կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը իր շուրջը կհամախմբի օլիգարխիայի ներկայացուցիչներին, եւ իր ռեսուրսներով կարող է բավական լավ տեղ զբաղեցնել քաղաքական դաշտում:

Նշենք, որ օգոստոսի 16-ին, ազատ արձակվելուց հետո առաջին անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը եւ հայտարարել էր իր քաղաքականություն վերադառնալու մասին:

Ի՞նչ ձեւաչափով Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն