«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ օգոստսի 17-ին մեղադրյալներից Էդվարդ Գրիգորյանը պնդեց, որ Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

«Իմ մասով դա իրականությանը չի համապատասխանում: Մնացած հարցերը ընթացքում պարզ կլինեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ասել էր, թե Էդվարդ Գրիգորյանի «պատահական» կրակոցից է մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը, այնինչ նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը:

Էդվարդ Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանը մեղադրող կողմին դիմեց՝ ասելով, որ այս փուլում հարցեր չուղղեն, քանի որ Գրիգորյանի պատասխանները կարող են ուղղվել իր կամ մեկ այլ մեղադրյալի դեմ:

Դատավորն էլ ճշտող հարց տվեց Գրիգորյանին. «Միջադեպի ժամանակ, երբ Գագիկ Մկրտչյանը հրազենային վնասվածք է ստացել, Դուք զինանոցի տարածքում գտնվե՞լ եք»:

Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Եգորյանն առարկեց հարցի դեմ ՝ նշելով, որ պաշտպանյալը ոչ մի տեղեկություն այս պահին չի հայտնելու:

Պավլիկ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հարգում է Էդվարդ Գրիգորյանին, բայց արդարությունն ամեն ինչից վեր է. «Էդվարդ Գրիգորյանին հիմա էլ հարգում, ընդունում եմ որպես «Սասնա ծուռ» ընկեր: Բայց Գրիգորյանից շատ ավելի թանկ բան կա՝ արդարությունը, որի համար ապստամբել ենք, ապստամբել ենք պետական տեռորի դեմ: Եթե պետք լինի, մի հատ էլ կապստամբենք, եթե նույն կերպ շարունակեն: Պնդում եմ՝ չի եղել կանխամտածված կրակոց, եղել է պատահական կրակոց»:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը: