Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը նոր բացահայտումներ է արել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ:

Ծառայողական քննության ընթացքում ներքին աուդիտի վարչության իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ բաժնի հաշվապահը 2015-2018 թվականներին իր և բաժնի մի խումբ ծառայողների հաշվեհամարներին ավելի վճարումներ է կատարել, նաև աշխատակից չհանդիսացող քաղաքացիների հաշվեհամարներին գումարներ փոխանցել: Արդյունքում պետությանը պատճառվել է 17 միլիոն 356 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է մոտ 15 միլիոն 800 հազարը:

Նկատի առնելով, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար: