Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաք էր նախաձեռնել՝ ամփոփելու պաշտոնավարման 100 օրն ու խոսելու հետագա անելիքներից: Նախ վարչապետն ու կառավարության մի շարք անդամներ եւ նրանց աջակիցները հավաքվել են Արցախի պողոտայի սկզբնամասում, որտեղից ապրիլի 22-ին նրան բերման էին ենթարկել, հետո երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: Իսկ հրապարակը բազմամարդ էր: Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ այսօր հայ ժողովրդի միասնության օրն է, եւ կոչ արեց իջեցնել պաստառները, որոնք ինչ-որ մեկի դեմ են: Հավաքի որոշ մասնակիցների ձեռքերին Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների նկարներով պաստառներ էին: Նիկոլ Փաշինյանի ձայնը կտրվում էր. կատակեց՝ վարժվել է վարչապետի փափուկ կյանքին:

Իսկ պաշտոնավարման 100 օրվա ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը Նիկոլ Փաշինյանը համարում է այն, որ հիմա Հայաստան ավելի շատ քաղաքացի է ժամանում, քան մեկնում: Սա, նրա խոսքով, վկայում է նաեւ ներդրողների հետաքրքրության աճի մասին: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժամանակավոր կառավարության գործունեությունից մի քանի թվեր ներկայացրեց, հետո որոշեց չծանրաբեռնել դրանցով, այլ միայն արձանագրեց. Հայաստանում քաղաքական հաղթանակին հետեւելու է նաեւ տնտեսական հաղթանակը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը. շարունակելու են լավ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ, բայց չեն մոռանա նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ասաց՝ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին՝ ուղղակի ծիծաղելի է։ 

Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաեւ Մարտի 1-ի թեման: Վստահեցրեց, որ ոչ ոք չի խուսափելու 10 քաղաքացիներին սպանելու պատասխանատվությունից: Փաշինյանն անդրադարձավ նաեւ կոռումպացված դատավորների խնդրին, առաջարկեց նաեւ առաջիկայում լրջորեն քննարկել անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության հարցը: Վերջում էլ վերահաստատեց. ժամանակավոր կառավարությունը հրաժարվել է դատավորներին զանգելու եւ որոշումներ պարտադրելու պրակտիկայից:

Եվ՝ Արցախի մասին. ոչ մի հող չի հանձնելու, ժողովրդի հետ միասին պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանի ցանկացած սադրանքի եւ, ամենակարեւորը, երբեք ժողովրդից թաքուն որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադարձել: Այս մասին Հայաստանի երկրորդ նախագահը պաշտոնապես հայտնեց ազատ արձակվելուց հետո առաջին՝ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում: Նա չցանկացավ ասել, քաղաքականություն վերադառնում է որպես անհա՞տ, թե նաեւ քաղաքական ուժ կձեւավորի: Փոխարենը խոսեց իր որոշման պատճառների մասին: Առաջինը, նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով վտանգներն են. հարեւան Իրանի խնդիրները, ագրեսիվ Թուրքիան, Անկարայի հարաբերությունները Բաքվի հետ, Արցախյան չլուծված հիմնախնդիրը եւ այլն: Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ Հայաստանի նոր կառավարություն, որն անփորձ է ու չի հասկանում այս ամենից բխող վտանգները: Նախկին նախագահին մտահոգում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ամբողջ աշխարհը պետք է հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Քոչարյանը հայտարարեց, որ ամենավատ բանակցություններն անգամ դրանց բացակայությունից ավելի լավ են, քանի որ եթե չկա բանակցություն, ապա պատերազմը միակ լուծումն է մնում: Այդ հարցով նա պատրաստ է անգամ խոսել Նիկոլ Փաշինյանի հետ:

Նոր կառավարության եւս մեկ խնդիր էլ, Քոչարյանի համոզմամբ, տնտեսական քաղաքականությունն է, ավելի ճիշտ, նրա բնորոշմամբ՝ դրա բացակայությունը: Ասաց՝ Հայաստանում կա միայն կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ: Քոչարյանը, միաժամանակ, կասկածում է, որ երկրի նոր ղեկավարները կարող են լուրջ տնտեսական փաստաթուղթ մշակել: Իսկ այս ամենը կարող են ազդել լուրջ ներդրումներ ներգրավելու վրա:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ իր կարողությանը: Տարբեր հրապարակումների համաձայն՝ նա Հայաստանում 7 բանկ ունի, մասնաբաժին՝ մի շարք խոշոր ընկերություններում, խոսվում է նաեւ 4 մլրդ դոլարի մասին: Նախկին նախագահը հերքեց:

Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված գործին, կալանավորմանն ու Վերաքննիչի որոշմամբ ազատ արձակելուն. Քոչարյանի պնդմամբ՝ դատարկ, անհիմն մեղադրանքներ են, եւ Վերաքննիչի նիստում պաշտպանական կողմը դա կարողացավ ապացուցել:

Այլ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանը չհրապարակեց՝ ելնելով մտահոգությունից, որ իրեն կարող են մեղադրել նախաքննական գաղտնիք բացահայտելու համար: Նույնը վերաբերում է նաեւ պաշտպաններին, որոնց կարող են զրկել արտոնագրից, անգամ քրեական հետապնդման ենթարկել, թեեւ ՀՔԾ-ն շատ հանգիստ գործից որոշ մանրամասներ է հայտնում, Քոչարյանի խոսքով՝ երբեմն նույնիսկ կոնտեքստից դուրս: Նախկին նախագահը չի բացառում, որ իրեն նորից կկալանավորեն, բայց մեղադրանքը, ըստ նրա, անպայման կբեկանվի ՄԻԵԴ-ում:

Հավելենք, որ գլխավոր դատախազությունն արդեն ստացել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: Ուսումնասիրելու են այն եւ Վճռաբեկ բողոք են ներկայացնելու:

Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է ձեռնարկել Արցախում: Ադրբեջանական 15 հոգանոց խումբը փորձել է հարձակվել պաշտպանության բանակի հյուսիսային մարտական դիրքերից մեկի վրա: Հայ դիրքապահները, սակայն, ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողություններն ու նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Փոխհրաձգության ընթացքում արցախյան կողմը կորուստ չի ունեցել, իսկ հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Հայ-թուրքական սահմանի Արտաշատի տեղամասում ռուս սահմանապահները հերթական սահմանախախտին են ձերբակալել: Տղամարդը պետական սահմանն անօրինական հատել է Եղեգնավան բնակավայրի մոտ: Նախնական տվյալներով՝ սահմանախախտը Գվինեայի 25-ամյա քաղաքացի է: Նա պատմել է, որ Թեհրան է մեկնել՝ բուհ ընդունվելու: Իրանի մայրաքաղաքում ծանոթացել է տաքսու վարորդի հետ եւ նրան խնդրել իր համար շրջագայություն կազմակերպել երկրի տարածքով: Ձերբակալվածի պնդմամբ՝ տաքսու վարորդն իրեն Թուրքիա է տարել՝ շրջանցելով անցակետը, հետո վերցրել իր անձնագիրը, թուրքական «Գյուրբուլաք» անցակետի մուտքի կնիքով վերադարձրել ու ընթացել անհայտ ուղղությամբ: Նա պատմել է նաեւ, որ երկու օր ապրել է Թուրքիայի տարածքում՝ լքված շենքում, որտեղ իրեն թալանել են, իսկ հետո սնունդ փնտրելիս հատել է Արաքս գետը եւ հայտնվել սահմանի հայկական կողմում: Սահմանախախտին փոխանցել են Հայաստանի իրավապահներին. վերջինները ճշտում են նրա պատմածի իսկությունը:

Ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել եւ չեզոքացրել: Անդրազգային հանցավոր խմբի անդամները փորձել են Հայաստանի տարածքով Իրանից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով՝ 8 կգ հերոին տեղափոխել Վրաստան եւ իրացնել: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվածներ կան. նրանք Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են:

«Սասնա ծռեր» խմբի առանցքային անդամներից Արայիկ Խանդոյանը եւ Վարուժան Ավետիսյանն այսօր ազատ արձակվեցին: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխեց Խանդոյանի եւ Ավետիսյանի խափանման միջոցը: Այսպիսով, «Սասնա ծռեր»-ի գործով 32 ամբաստանյալից 29-ն արդեն ազատության մեջ են: Շարունակում են անազատության մեջ են մնալ միայն Պավլիկ Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: Նշենք, որ Բիլյանն ու Բարսեղյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանների սպանության մեջ:

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգվեց: Ապօրինի զենք ու զինամթերք պահելու եւ յուրացումների մեջ մեղադրվող Գրիգորյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Իսկ պաշտպանները շարունակում են ահազանգել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ Գրիգորյանի տանն ու ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում ԱԱԾ-ն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, թանկարժեք ավտոմեքենաներ էր հայտնաբերել, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդ, որը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Հայաստան կժամանի. Անգելա Մերկելը Երեւանում կլինի օգոստոսի 24-25-ին: Այցի շրջանակում նախանշված են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ Անգելա Մերկելի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Գերմանիայի կանցլերը կհանդիպի նաեւ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016 թվականի հունիսի 2-ին:

Օգոստոսի 17-ին դոլարը կայուն է եղել, եվրոն փոքր-ինչ թանկացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 549, ռուբլունը՝ 7 դրամ 16 լումա, ֆունտինը՝ 613 դրամ:

Օգոստոսի 18-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն: