Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 41-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով փրկարարներին, որոնք ողբերգության վայրում շարունակում են որոնողական աշխատանքները:

Փլվածքների տակ ավտոմեքենա է հայտնաբերվել, որի մեջ է եղել 3 մարդուց կազմված ընտանիքը՝ հայրը, մայրը եւ նրանց 9-ամյա որդին: Ավելի վաղ հաղորդվել էր 38 զոհվածի մասին: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ հիվանդանոցներում են 10 վիրավորներ, նրանցից 9-ի վիճակը ծանր է: Դեռեւս երկու մարդ անհայտ կորած է համարվում:

Ջենովայով անցնող А10 ավտոուղու կամրջի հիմնական սյուներից մեկը եւ մեծ կամրջամասը փլուզվել են երեքշաբթի պահեստարանների եւ երկաթուղային ճանապարհների վրա: Պատահարի ժամանակ կամրջի վրա է եղել ավելի քան 30 ավտոմեքենա: Շաբաթ Ջենովայում տեղի կունենան ողբերգության զոհերի պետական հուղարկավորությունները: Երկրում հայտարարվել է համազգային սուգ: