Ջենովայում ընթանում է Մորանդի կամրջի փլուզման զոհերի հուղարկավորությունը: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը: Հոգեհանգիստը տեղի է ունենում Լիգուրիայի կենտրոնի մայր տաճարում՝ սուրբ Լավրենտիոսի եկեղեցում: Դրանից զատ, օգոստոսի 18-ին ամբողջ Իտալիայում ազգային սգո օր է հայտարարվել:

Սգո արարողությանը մասնակցելու համար Ջենովա են ժամանել Իտալիայի ղեկավարները:

Հռոմեակաթոլիկ եկեղեցին ներկայացնում է Ջենովայի կարդինալ արքեպիսկոպոս Անջելո Բանյասկոն:

Օգոստոսի 14-ի առավոտյան Ջենովայի մոտ փլուզվել է կամրջի երկար հատվածը, որով անցնում է A10 արագընթաց մայրուղին (Ջենովա-Սավոնա, Е80 եվրոպական երթուղի): Պատահարի պահին կամրջի վրա են եղել ավելի քան 30 մարդատար ավտոմեքենաներ եւ 3 բեռնատար: Վերջին տեղեկություններով՝ փլուզման հետեւանքով զոհվել է 41 մարդ: Փրկարարները որոնում են 5 անհայտ կորածներին: