ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ով կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենա: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

«Ունենք 3 հնարավոր թեկնածու, դեռ քննարկում ենք, թե նրանցից ով կգլխավորի ցուցակը: 3 թեկնածուների պարագայում դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ կան հանգամանքներ, որոնք հավելյալ քննարկման ենթակա են: Միայն  կարող եմ ասել, որ այդ թեկնածուների մեջ կին թեկնածու չի քննարկվում»,-ասաց Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե արդյոք շատ կարճ չէ նախընտրական քարոզարշավի ժամկետը եւ կհասցնեն  տեղ հասցնել իրենց ուղերձները երեւանցիներին, Արսեն Համբարձումյանն ասաց, որ իրենց թեկնածուն հանրային ճանաչման իմաստով խնդիր չունի, եւ իրենք նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում կարող են իրենց թեկնածուին ներկայացնել պատշաճ կարգով:

ԳՄ անդամը վստահեցրեց, որ իրենք բավականին լավ շանսեր ունեն Երեւանի ավագանու ընտրություններին:

Նշենք, որ ավագանու լիազորությունները Կառավարությունը կրճատել է օգոստոսի 16-ին: ԿԸՀ-ն հայտնել է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավի ժամկետն արտահերթ ընտրությունների ժամանակ կրճատվում է. այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին: