Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում, որը ժողովրդավարական երկիր է, բռնապետությունն անհնար է: Նա նման կարծիք է հայտնել շաբաթ կառավարության նոր ղեկավարությանը նշանակելիս, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, ընդ որում՝ արեւմուտքից եւ արեւելքից սեղմված ենք երկու ժողովրդավարական դաշինքներով: Հարավում մեզ մոտ ընդհանրապես ժողովրդավարություն է, ավելին չի լինում: Եվ Բելառուսում ինչ-որ բռնապետության իրականացումը պարզապես իրատեսական չէ»,- ասել է Լուկաշենկոն:

«Սակայն երկրում միշտ կարգ եղել է եւ կլինի»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ ուշադիր հետեւում է իր որոշումներին հանրության արձագանքին: «Այո, եւ ինձ մոտ վաղուց սովորություն է մշակվել առաջին իսկ օրից կողմնորոշվել, թե մարդիկ ինչ կարծիքի են այն կուրսի մասին, որը երկրում վարվում է»,- ասել է Բելառուսի նախագահը եւ նշել, որ այս հարցում հանրության շրջանում տարբեր կարծիքներ կան:

Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ երկրի անկախությունը հնարավոր է միայն հզոր տնտեսության առկայությամբ: