Առանց մանրամասներ իմանալու՝ հակված եմ այն կարծիքին, որ անցումային արդարադատությունը մեզ պետք չէ, չեմ տեսնում այն ծայրահեղ իրավիճակը, որ մենք գնանք զիջումների մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է քննարկել անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը:

«Անցումային արդարադատությունն անխուսափելիորեն որոշակի ժամանակով հետնահանջ է ապահովում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Այն չի կարող բնականաբար չանդրադառնալ նաեւ տնտեսության վրա, առնվազն ներդրումների տեսակետից, որովհետեւ չեմ կարծում, որ ներդրողները գերադասեն անցումային արդարադատություն ունեցող երկրներում ներդրումներ անել»,- ասաց նա:

Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ այն երկրներն են անցումային արդարադատություն ունեցել, որտեղ խնդիրներն այնքան սուր են եղել, որ ստիպված են եղել որոշ ժամանակով զիջել մարդու իրավունքները եւ անցնել այդ փուլերով. «Դաժան ռեժիմ ունեցող պետություններում է կիրառվել սա, երբ հազարավոր մարդիկ են սպանվել, հարյուր հազարավոր մարդկանց պատասխանատվության ենթարկելու խնդիր է եղել»:

Փաստաբանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երկրում անցումային արդարադատությունն իր մոդելն է ունեցել, չկա որեւէ հստակ մոդել:

«Մեզ համար տեսանելի չէ, թե ինչ է առաջարկվում: Նիկոլ Փաշինյանի ելույթից մեկ օր առաջ ՀԱԿ-ի մանիֆեստը եղավ անցումային արդարադատության մասին, բայց չկար ճանապարհային քարտեզը՝ ինչ ենք անելու, սահմանադրական նորմերի հետ ինչպես ենք վարվելու, ովքեր են լինելու: Երեւի թե սպասենք ՀԱԿ-ի հաջորդ մանիֆեստին, որտեղ ավելի մանրամասն կներկայացվի: Առանց մանրամասներ իմանալու՝ հակված եմ այն կարծիքին, որ դա մեզ պետք չի, ես չեմ տեսնում այն ծայրահեղ իրավիճակը, որ մենք գնանք զիջումների մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հակառակը մենք պետք է այդ ոլորտում մեկ քայլ առաջ կատարենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ա անցումային արդարադատության մարմինների անհրաժեշտությունն այսպես էր հիմնավորել. «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից եւ ֆորմալ առումով 2017 թվականի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելը կարող է բարդություններ առաջացնել»։