Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը կարելի է ուժեղացնել բազմաթիվ ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

«Հնարավորությունները կախված են նրանից, թե Հայաստանի քաղաքացին եւ կառավարությունն ինչ են ցանկանում անել: Ըստ իս` բազմաթիվ ոլորտներում կարելի է ավելի սերտ համագործակցել, լինի դա` դատական, մարդու իրավունքների, թե պետական կառավարման համակարգերում բարեփոխումներ անցկացնելը: Շատ աշխատանք պետք է տարվի, եւ ես հուսով եմ, որ հատկապես այս ոլորտներում Հայաստանը կմոտենա ԵՄ-ին», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստնի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական հարաբերությունների խորացմանը, ապա նա շեշտեց, որ նման հարթակ արդեն գոյություն ունի:

«Տնտեսական համագործակցություն արդեն կա: Հայաստանը, մասնավորապես, օգտվում է GSP+ ծրագրից, որը թույլ է տալիս մոտ 6000 ապրանքատեսակ արտահանել ԵՄ շուկա՝ առանց դրույքաչափի: Կարծում եմ՝ հնարավորությունները շատ են, եւ հարթակն էլ՝ GSP+, ստեղծվել է: Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի 27-րդ հռչակագրերի համաձայն, որի դիմաց ԵՄ-ն թույլ կտա հայկական 6000 ապրանքատեսակ առանց դրույքաչափի իր շուկա: Նաեւ մեծ հնարավորություն կա GSP+ ծրագրի կիրառումն ավելի մեծացնելու համար»,- նշել է Աջեմյանը: