Հայաստանի համար ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծ հեռանկարներ է ընձեռում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը:

Այս ամիս լրանում է Հայաստանի նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը: ԵՄ-ի հետ Հայաստանի կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (ՀԸԳՀ) համաձայն՝ Հայաստանը պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի եւ, Աջեմյանի կարծիքով, ԵՄ-ի հետ համագործակցությունն ամրապնդվել է:

«Կարծում եմ՝ ԵՄ-ի հետ համագործակցությունն ամրապնդվել է: Մեծ հեռանկարներ կան համագործակցության համար եւ հիմա, երբ դեռ համաձայնագիրն իրագործված չէ, չբացահայտված մեծ ներուժ կա: Հնարավորությունները շատ են, սակայն մեծ աշխատանք պետք է տարվի: Կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաեւ դատական համակարգը բարելավելու համար: Բայց դա երկար գործընթաց է, եւ ԵՄ-ն պատրաստ է աջակցել նոր կառավարությանը բարեփոխումների իրականացման հարցում»,- ասաց նա:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության ամրապնդման մարտահրավերների մասին հարցին Աջեմյանը պատասխանել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի օգնել՝ կախված Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու ցանկությունից եւ կարողությունից:

Նա նշեց, որ համաձայնագիրը հարաբերությունները խորացնելու համար բազմաթիվ ուղղություններով ճանապարհ հարթեց: «Կարծում եմ՝ամեն ինչ կախված է բարեփոխումներ անցկացնելու՝ Հայաստանի ցանկությունից եւ կարողությունից: Ամեն հնարավոր բան կարելի է անել, Հայաստանը կարող է ԵՄ-ին հնարավորինս մոտենալ՝ կախված Հայաստանի քաղաքացու որոշումից: Այդ հարցում մենք պատրաստ ենք աջակցել: Մենք կաջակցենք բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Ավելի սերտ համագործակցության համար ԵՄ-ի աջակցությունը մեծ է: Որոշ ոլորտներում համագործակցելու հնարավորությունը սահմանափակ է, քանի որ Հայաստանը որոշում է կայացրել ինտեգրվել այլ կառույցի, եւ դա շատ հասկանալի է: Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ես կասեի, որ բազմաթիվ հնարավորություններ կան, եւ մենք պատրաստ ենք աջակցել»,- ասաց Աջեմյանը: