ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները հանգամանալից եւ մանրամասն են եղել, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդներն իրենց առաջ  կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու նպատակ չէին դրել, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Բանակցությունները երկար են ձգվել, հանգամանալից են եղել, ընդհանուր առմամբ, հայտարարության մեջ նշված թեմաների շուրջ մանրամասն զրույց է ծավալվել»,-ասել է Պեսկովը։

Ինչպես եւ պլանավորվել էր, առաջնորդները քննարկել են Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը կապված «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության հետ։ Պեսկովը շեշտել է, որ երկու երկրների առաջնորդներն էլ այդ նախագծի քաղաքականացման դեմ են հանդես եկել։ Նախագահը եւ կանցլերը նաեւ քննարկել են Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հեռանկարները: Հանդիպումից առաջ երկու երկրների ղեկավարները հայտարարել էին, որ «Հյուսիսային հոսք 2»-ի մեկնարկով Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա չի կասեցվի։

Պուտինն ու Մերկելը, Պեսկովի խոսքով, ափսոսանք են հայտնել մինսկյան համաձայնագրերի իրականացման «ամբողջական տեղապտույտի» համար: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մտահոգված են «Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ժամկետի երկարաձգման ոչ հստակ հեռանկարների առնչությամբ, որը մինսկյան համաձայնագրերի բավականին կարեւոր բաղադրիչ է»:

ՌԴ նախագահը նաեւ հավաստիացրել է Գերմանիայի կառավարության ղեկավարին, որ կշարունակի երկխոսությունը գերմանական բիզնեսի հետ: «Նախագահը եւ կանցլերը մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունները, գոհունակությամբ շեշտել են փոխադարձ առեւտրաշրջանառության աճող դինամիկան»,-ասել է նա: «Պուտինը նշել է, որ պարբերաբար շփվում է խոշոր գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ մտադիր է շարունակել այդ պրակտիկան», - պարզաբանել է Պեսկովը:

Պեսկովը հայտնել է, որ զրույցի մեկ այլ թեմա է դարձել «մի քանի պետությունների» սակագնային քաղաքականությունը: Այն բնութագրվել է որպես անկանխատեսելի եւ միջազգային առեւտրին վնաս հասցնելու ունակ: Բացի այդ, ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային գործարքին եւ սիրիացի փախստականների խնդիրներին առնչվող հարցեր:

Զրույցը շարունակվել է 3 ժամ։