Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնել են թույլ տալ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) անձնակազմի մուտքը՝ քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունը հաստատելու նպատակով տեղում ստուգումներ անցկացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը:

ICAO-ում աղբյուրի համաձայն՝ փորձագետները կարող են այցելել Հյուսիսային Կորեա արդեն հաջորդ տարի: Ենթադրվում է, որ մասնագետները կայցելեն այն վայրերը, որտեղից իրականացվել են հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակումները:

Մայիսին Հյուսիսային Կորեան հավաստիացրել էր ICAO-ի ներկայացուցիչներին, որ չի պատրաստվում քաղաքացիական ավիացիայի համար վտանգ ներկայացնող քայլեր ձեռնարկել՝ առանց տարածաշրջանի այլ երկրների նախնական տեղեկացման:

Ավիաընկերությունները խուսափում են ուղիղ չվերթներ իրականացնել Հյուսիսային Կորեայի օդային տարածքով՝ հրթիռների հանկարծակի արձակման վտանգի պատճառով, այն բանից հետո, երբ 2014 թվականին Ուկրաինայի երկնքում  խոցվել էր Malaysia Airlines ավիաընկերության MN17 չվերթը: